понедельник, 2 декабря 2013 г.

Հեքիաթաթերապիա

Դեռ մանկական տարիքից երեխաներին իրենց կյանքի ընթացքում ուղեկցում են վախերը: Վախը կարող է լինել մթությունից, բարձրությունից, փակ տարածություններիցԻսկ վախի զգացումը իր ֆիզիոլոգիական և վարքային դրսևորումներով անհանգստացրել է մարդուն: Այդ պատճառով մարդիկ դիմում էին ամենատարբեր միջոցների. խմբային պարեր, երգեր, ռիթմիկ շարժումներ կամ էլ, շամանների կողմից կազմակերպվող, տարբեր տեսակի արարողակարգեր, որոնք նպաստում էին վախերը թեթևացնելուն:
  Մանկական վախերը հիմնականում պայմանավորված են տարիքային առանձնահատկություններով եւ հիմնականում ունենում են ժամանակավոր բնույթ: Սակայն երեխայի մոտ վախի երկար պահպանումը կարող է երեխան այն տանել «հասուն տարիք» եւ հետագայում լուրջ խնդիրներ ունենալ:
Վերջին ժամանակներում երեխաների մոտ վախերի ախտորոշման և շտկման հարցերը կարևոր նշանակություն են ձեռք բերել` դրանց լայն տարածման պատճառով: Երեխաների վախերը հաղթահարելու և նվազեցնելու համար առաջին հերթին պետք է ներգրավել ընտանիքը, քանի որ շատ վախեր ծնվում են հենց ընտանիքի ազդեցությամբ: Մասնագետները կարող են օգնել կանխարգելելու և հաղթահարելու վախերը բազմաթիվ տեխնիկաների միջոցով, որոնց թվում է հեքիաթաթերապիան:
Հեքիաթաթերապիան հեքիաթների նպատակաուղված օգտագործումն է հոգեբանական, հոգեշտկող եւ հոգեթերապեւտիկ աշխատանքում:
Մեկ այլ սահմանմամբ հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է, որն օգտագործում է հեքիաթի ռեսուրսները մի շարք խնդիրների լուծման նպատակով` դաստիարակություն, կրթություն, անձի զարգացում, վարքի շտկում և այլն:
Հեքիաթաթերապիան, որպես հոգեթերապիայի միջոց, մարդկությանը հայտնի է շատ վաղուց, սակայն, որպես ժամանակակից հոգեթերապիայի ուղղություն, առաջացել է վերջերս: Հեքիաթը զարգացնում է երեխայի երեւակայությունը, սովորեցնում է նրան մտածել, ստեղծագործել… Հեքիաթը մատչելի լեզու է փոքր տարիքի երեխաների հետ շփման համար: Այնտեղ առկա դրական հերոսներին նմանվելու միտումը մեծ դեր է խաղում երեխայի կյանքում: Փորձելով նմանվել հեքիաթի դրական հերոսներին՝ երեխաները վերցնում են հերոսի դրական կողմերը, կարողանում են հաղթահարել իրենց վախերը՝ հույսը դնելով իրենց վրա, եւ հավատալով, որ իրենք կարող են դա անել:
Հեքիաթաթերապիայի ժամանակ երեխային ոչ միայն պատմում են հեքիաթ, այլ նաեւ փորձում են միասին հնարել նորը: Այս ժամանակ երեխային տրվում է ազատություն սեփական հուզաշխարհն արտահայտելու, եւ բնականաբար հեշտ է լինում երեխայի վախը կամ խնդիրը հայտնաբերելը: Իհարկե հոգեբանը հեքիաթի հորինման ընթացքում պետք է խթան հանդիսանա հեքիաթի զարգացմանը, այսինքն վերջում բարին պետք է հաղթի չարին: Դե, իսկ ինչպես գիտենք, հեքիաթներում առկա են մարդկային փոխհարաբերությունները, ինչպես նաեւ բարու եւ չարի «կռիվը», որի ավարտը միշտ բարու հաղթանակն է:
Հեքիաթաթերապիան շատ կարևոր նշանակություն ունի երեխայի հետ աշխատելիս, քանի որ այն օգնում է.
  • երեխայի դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում,
  • երեխայի ինքնաճանաչման հարցերում,
  • շրջակա աշխարհի հետ փոխըմբռնման հարցերում,
  • մտածողության, հիշողության, երևակայության զարգացման հարցերում,
  • երեխայի սոցիալ - հուզական վարքի շտկման հարցերում:
Թերապևտիկ հեքիաթների տեսակները.

Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաթ կարդալ, զրուցել բովանդակության և նրա հերոսների մասին, այլև անհրաժեշտ է նրան սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները և կյանքի դասերը: Հատկանշական է, որ այն երեխաները, որոնց համար հեքիաթ են կարդում, ոչ միայն ավելի արագ են սկսում խոսել, այլև կազմում են նախադասություններ սահուն, գրական լեզվով:
Կարեւոր է նաեւ հեքիաթը կարդալուց հետո դրա վերարտադրումը նկարի, դերային խաղի միջոցով:

 Գեղարվեստական հեքիաթներ
Ժողովրդական հեքիաթները կազմվել են դարերի ընթացքում, պահպանել բարոյա-էսթետիկ սկզբունքները, մարդկանց միջև ունեցած փոխհարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ միշտ կիրառվել են մանկավարժական նպատակներով:
Դիդակտիկ հեքիաթներ
Ուսուցողական հեքիաթները երեխաներին պատմում են նոր հասկացությունների մասին, հիմք են հանդիսանում նոր գիտելիքների ձեռք բերման համար: Այս հեքիաթներում շնչավորվում են  թվերը, տառերը, առարկաները և այլն:
Դիագնոստիկ հեքիաթներ
Դուք հավանաբար գիտեք` ինչ հեքիաթներ են դուր գալիս Ձեր երեխային: Դա նշանակում է, որ նա ենթագիտակցաբար արդեն ընտրել է հեքիաթի իր սիրելի հերոսին և փորձում է նմանակել նրան: Փորձեք հեքիաթ հորինել Ձեր երեխայի հետ միասին, և Դուք կբացահայտեք նրա գաղտնի մտքերն ու ցանկությունները:
Պրոֆիլակտիկ հեքիաթներ
 Հեքիաթներ լսելու ընթացքում երեխաներն ակամայից գիտելիքներ են կուտակում իրենց և շրջակա միջավայրի մասին, ձևավորվում է երեխայի անձը, դրվում է նրա հետագա կյանքի հիմքը:
Բուժիչ - հոգեբանական հեքիաթներ
 Հեքիաթ լսելով` երեխան իրեն նույնականացնում է իր կյանքի իրավիճակը հիշեցող հերոսի հետ, վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը: Նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում:
Մեդիտատիվ հեքիաթներ
Մեդիտատիվ հեքիաթներն ուղղված են որոշակի դրական հուզական վիճակի առաջացմանը: Դրանք երեխային օգնում են ազատվել լարվածությունից, հոգնածությունից և գրգռվածությունից:
Հեքիաթաթերապիայի մասին ընդհանուր պատկերացում ունենալուց հետո կարող եք կարդալ հոգեբանական հեքիաթներ, որոնք շատ կարեւոր են երեխաների համար: Համացանցում կարող եք գտնել բազմաթիվ այսպիսի հեքիաթներ: Ես առանձնացրել եմ դրանցից մեկը, որն ինձ շատ դուր եկավ:
  
  
Մի հեքիաթային քաղաքում ապրում էր փոքրիկ կատվիկը: Նա ուներ մայրիկ ու հայրիկ, բացի այդ նա նաև դպրոց էր գնում: Այո, այո, նույնիսկ հեքիաթային քաղաքում փոքրիկ կատուները դպրոց են գնումԲայց կատվիկը չէր սիրում դպրոց գնալ: Նա միշտ կամակորություն էր անում, երբ պատրաստվում էր առավոտյան դպրոց գնալ: Հետո նա երկար անհանգստանում էր, մինչև ավտոբուսով դպրոց էր հասնում: Դպրոցում կատվիկն ավելի շատ էր անհանգստանում դասերի ժամանակ ու քիչ էր մնում լաց լիներ վախից՝ թաքնվելով գրքի ետևում, որպեսզի ուսուցիչը չնկատի իրեն: Տան ճանապարհին նա արագ անցնում էր բակերի միջով՝ չսպասելով իր ընկերներին:
Մայր կատուն շատ վշտացավ, երբ իմացավ այդ մասին: Եվ մի օր երեկոյան, երբ պառկեցնում էր կատվիկին քնելու, մայր կատուն մի կողմ քաշեց ծածկոցը, շոյեց նրա մորթին և հարցրեց.
-Փոքրիկս, ես տեսնում եմ՝ դու չես ուզում դպրոց գնալ: Ինչո՞ւ:
-Ես ողջ ժամանակ վախենում եմ, մայրիկ,- խոստոանեց կատվիկը,- վախենում եմ դասերի ժամանակ, վախենում եմ համադասարանցիներիցս:
-Իսկ ի՞նչ կա այդտեղ վախենալու,- զարմացավ մայրիկը:
Ա՜խ, մայրիկ, դու ոչինչ չես հասկանում: Ես անընդհատ անհանգստանում եմ, որ ինչ-որ բան անում եմ ոչ այնպես. ավտոբուսում վախենում եմ, որ շրջադարձին վայր կընկնեմ, և բոլորը կծիծաղեն ինձ վրա: Դպրոցում ես վախենում եմ, որ սխալ կպատասխանեմ և ուսուցիչը «2» կնշանակի: Իսկ փողոցում վախենում եմ, որ բոլոր գազանիկները ինձնից ավելի արագ կվազեն կամ երբ ընկերներով խաղում ենք, «ով ավելի հեռու կնետի», ինձ մոտ չի ստացվում հեռու նետել, և ոչ ոք ինձ հետ ընկերություն չի անի,- ասաց կատվիկը և այնքան խղճաց իրեն, որ քիչ մնար լաց լիներ:
-Դե լավ, մի վշտացիր, փոքրիկս,- քնքշորեն ասաց մայրիկը,- ես քեզ կօգնեմ, բայց վաղը, իսկ հիմա ժամանակն է, որ քնես:
Ուրախացավ կատվիկը և գոհ քնեց: Իսկ մայրիկը մտածեց և ելք գտավ, թե ինչպես օգնի իր կատվիկին:
Առավոտյան մայրիկը կատվիկին կոնֆետներով փոքրիկ տուփ տվեց և ասաց.
-Հենց որ սկսես վախենալ, որ ինչ-որ բան կարող է քեզ մոտ չստացվել, հանիր կոնֆետներից մեկը, կեր և երեք անգամ կրկնիր այս կախարդական խոսքերը. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ լավ կլինի:
Երեկոյան կատվիկը դպրոցից տուն եկավ ուրախ և բացականչեց.
-Ուռռա՜, մայրիկ, ես այսօր ոչնչից չեմ վախեցել, դպրոցում «5» եմ ստացել և ես բոլորից արագավազն էի: Ի՜նչ հրաշալի կոնֆետներ էին:
Մայրիկ կատուն ժպտաց և ասաց.
-Փոքրիկս, ես ուզում եմ քեզ մի գաղտնիք բացել: Բանը նրանում է, որ ես քեզ ոչ թե կախարդական, այլ սովորական կոնֆետներ եմ տվել:
-Ինչպե՞ս սովորական,- չհավատաց կատվիկը,- իսկ ինչո՞ւ ես չէի վախենում, «5»  ստացա, բոլորից արագ վազեցի: Դու երևի խաբո՞ւմ ես:
-Չեմ խաբում,-ասաց մայրիկը,- իրականում ես տուփի մեջ ամենասովորական կոնֆետներ էի դրել: Եվ քանի որ դրանք կախարդական չէին, ուրեմն քեզ չէին կարող օգնել: Դու հավատացիր քո ուժերին և հաղթահարեցիր: Դա նշանակում է, դու ընդմիշտ հաղթեցիր քո վախին, իմ փոքրիկ հերոս:
-Ի՜նչ լավ է, որ ես այլևս չեմ անհանգստանում,- բացականչեց կատվիկը:
-Դա հրաշալի է, որ ես ինքս հաղթահարեցի վախս: Ես երևի ինքս ինձ վրա կծիծաղեմ, եթե դրմբամ գետնին: Դա բոլորովին ամոթ չէ: Մի փորձեմ,- ասաց կատվիկը և անմիջապես ընկավ գետնին՝ ձգվելով ծովային աստղի նման:
-Հա-հա՜, ի՜նչ զվարճալի է, սա ավելի շուտ ծիծաղելի է, քան ամոթալի: Երևի կարելի է փորձել նորից  «2» ստանալ:
-Դե, դե, է՞լ ինչ կարող ես մտածել,- անհանգստացավ մայրիկ կատուն, – ինչիդ է պետք «2» ստանալը:
-Չէ, «2» -ի հաշվով կատակ արեցի: Իսկ եթե սկսես անհանգստանալ ինձ համար, կոնֆետ կեր և երեք անգամ կրկնիր. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ կանցնի: Փորձված միջոց է:
ավելին՝ http://parents.mocak.am կայքում:
նյութի աղբյուրներ՝ http://www.zangak.am
                                    http://www.harmonia.am
                                    http://blog.mediamall.am
Ինչպես նաեւ խորհուրդ կտամ դիտել այս կարճ տեսանյութը
Անի Գասպարյան


Комментариев нет:

Отправить комментарий