суббота, 1 марта 2014 г.

Պաշտպանական ռեակցիան հոգեբանության մեջ

Հեղինակ՝ Կարինե Գևորգյան
Հոգեբանության մեջ հաճախ հանդիպում են պաշտպանությանը վերաբերող եզրեր՝ պաշտպանական մեխանիզմ, պաշտպանական հակազդում (ռեակցիա), պաշտպանական մարտավարություն, նեվրոտիկ պաշպանություն և պաշտպանողականություն իբրև անձի հատկանիշ։ Հոգեբանության մեջ գոյություն ունեն մի քանի հիմնական հետազոտություններ պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ, որոնց մենք կանդրադառնանք։
Զիգմունդ Ֆրեյդը և նրա հետևորդները համարում էին, որ տարբեր պաշտպանական մեխանիզմների հիմնական հատկանիշներն են ա)դրանք անգիտակցական են, այսինքն մարդ չի գիտակցում ո՛չ պատճառները և մոտիվները, ո՛չ նպատակները, ո՛չ էլ իր պաշտպանական վարքագծի փաստն ինչ որ մի օբյեկտի կամ իրադարձության վերաբերյալ, բ) պաշտպանական մեխանիզմները միշտ խեղում են և փոխարինում են իրականությունը։

Զիգմունդ Ֆրեյդը տագնապը հաղթահարելու երկու հիմնական միջոց էր մատնանշում։ Առաջին՝ նախընտրելի եղանակը նա համարում էր տագնապ առաջացնող երևույթի հետ հարաբերվելը։ Դա և՛ խոչընդոտի հաղթահարում է, և՛ սեփական վարքագծի գիտակցում և շատ այլ բաներ։ Տագնապը հաղթահարելու երկրորդ, ոչ այդքան հուսալի և առավել կրավորական եղանակ էր նա համարում իրականության ենթագիտակցական ձևափոխումը, այսինքն պաշտպանական մեխանիզմի ձևավորումը։
Աննա Ֆրեյդը համարում էր, որ պաշտպանվելու համար կարող են օգտագործվել տարբեր գործողություններ և որ պաշտպանությունը կարող է օգտագործվել ոչ միայն հակումների դեմ, այլև այն ամենի, ինչը տագնապ է առաջացնում։ Նա թվարկում է պաշտպանական մեխանիզմների հետևյալ տեսակները՝ դուրսմղումը,  հետընթացը, մեկուսացումը, անցյալի չեղյալացումը, նախագծումը, ուշադրությունն ինքդ քեզ վրա, ուշադրությունը քո հակառակին, սուբլիմացիա։ Մարդը կարող է սեփական վարքագիծը ուրիշին հատկանշել (օր այդպիսի մարդը կարող է պնդել, որ «բոլոր մարդիկ ստախոս են»): Այս երևույթը, որը հոգեբանության մեջ անվանվել է <<օտարվող>> պրոյեկցիա, համեմատաբար մոտ է Ֆրեյդի պրոեկցիային։
Զ Ֆրեյդին է պատկանում նաև առաջին հայացքից հակասական գաղափարը, որ ժխտումը դուրսմղվածի գիտակցման ապացույցն է։
Պաշտպանական գործառույթ կարող է կրել նաև  երևակայությունը՝ հորինված իրադրություն, որտեղ իրակացվում են սուբյեկտի ցանկությունները։ Երևակայությունը կարող է լինել տարբեր տեսակի՝ գիտակցական, այսինքն հարթմնի երազներ և անգիտակցական։ Պատրանքային բավարարմանը ձգտող ներաշխարհին Ֆրեյդը հակադրում էր արտաքին աշխարհը, որն ընկալման համակարգի միջոցով ենթարկում է  սուբյեկտին իրականությանը, իրականության սկզբունքին։  Ֆրեյդի ջանքերն ըստ էության ուղղված էին սուբյեկտի կյանքում անուրջների աշխարհի կայունությունը, գործունությունը և հարաբերական կազմակերպվածությունը հասկանալուն։
Անհրաժեշտ է նաև նշել, որ պաշտպանական մեխանիզմը հաճախ կարող է փրկարար դեր կատարել։ Ավելին, պաշտպանական մեխանիզմից զուրկ մարդն առասպել է։ Իսկ պաշտպանական մեխանիզմներից շտապողական, հապճեպ ազատումը ոչ մասնագիտական և անվարժ հոգեբանական օգնության ընթացքում, կարող է հանգեցնել լավագույն դեպքում նոր պաշտպանական մեխանիզմի ձևավորմանը, վատագույն դեպքում՝ լուրջ խուճապային, պանիկական ընկճվածության և այլ խանգարումների։
Պաշտպանական մեխանիզմները միջոցներ են, որոնցով մարդու անգիտակցականը փորձում է պաշտպանել նրան արտաքին և ներքին լարվածությունից։ Այս կամ այն պաշտպանական մեխանիզմի օգնությամբ, մարդ անգիտակցաբար խուսափում է իրականությունից (ճնշում), բացառում է իրականությունը (ժխտում), կանխորոշում է իրականությունը (ռացիոնալականացում), վերածում է իրականությունը իր հակառակի (հակազդող գոյացություն), փակվում է իրականությունից (մեկուսացում), փախչում է իրականությունից (ետընթացություն), խեղում է իրականության ընկալումը, տեղադրելով ներքինը արտաքինի մեջ (պրոեկցիա) կամ արտաքինը ներքինի (ինտրոեկցիա) և այլն։ Պաշտպանությունները որոշ առումով «կապում են» հոգեկան էներգիան, իսկ երբ դրանք դառնում են չափազանց ուժեղ և սկսում են գերակշռել վարքագծի մեջ, մարդու հարմարվողականությունը փոփոխվող իրականության պայմաններին նվազում է։ Հակառակ դեպքում, երբ պաշտպանությունը տապալվում է, նույնպես սկսվում է ճգնաժամ, քանզի, ինչպես գրում էր Ֆրեյդը՝ << «Ես» - ը այլևս չի ունենում նահանջի հնարավորություն ու հենարան և տագնապի մեջ է հայտվում>>։ Իսկ տագնապայնությունը ոչ միայն վտանգի կարևոր ազդանշան է, այլև մի շարք դեպքերում հոգեկան խանգարումների անբաժան բաղադրիչ, որոնցից ամենատարածվածները նևրոզներն են։
Պաշտպանական մեխանիզմը այս կամ այն չափով առկա են մարդու վարքագծում, բայց միշտ կարելի է առանձնացնել «նորմալ» պաշտպանությունը, որը ձևավորվում է ենթագիտակցորեն նախկին ցավալի փորձը վերապրելու ժամանակ, սեփական «ես» - ը կրկնակի վնասվածքից պաշտպանելու նպատակով։ Կարելի է դուրս բերել նաև հիվանդագին պաշտպանությունը, իբրև այն առաջացնող երևույթի ուժին և բնույթին ոչ համարժեք։
Այսպիսով, ժամանակակից պատկերացումները հոգեբանական պաշտպանության «նորմալ» զարգացած համակարգի մասին, ենթադրում են հետևյալ բնորոշումների գնահատականը՝
ա) պաշտպանության համարժեքությունը օրինակ մարդ կարող է վերականգնվել այս կամ այն անգիտակցական պաշտպանական հակազդումից և դրանից հետո քննարկել այն,
բ) պաշտպանության ճկունությունը օրինակ մարդ կարող է օգտագործել պաշտպանական հակազդման տարբեր տեսակներ որոշակի, նրա համար տիպիկ վտանգի պարագայում, այլ կերպ ասած նրա պաշտպանական վարքագծի «ցանկը» շատ կոշտ չի տրված։
գ) պաշտպանության հասունությունը համեմատաբար ավելի հասուն են համարվում ինտելեկտուալիզացիայի, սուբլիմացիայի, ճնշման, ռացիոնալիզացման, առանց առավել պարզունակ ձևերին հաճախակի դիմելու.  պրոեկցիայի, ինտրոեկցիայի, ժխտման մեխանիզմները։

Մենք ներկայացրեցինք պաշտպանական մեխանիզմների տեսակները և դրանց մեկնությունները հոգեբանության մեջ։
Աղբյուներ՝ 1    2    3

Комментариев нет:

Отправить комментарий