четверг, 31 октября 2013 г.

Երբ խոսում է հոգիդ


   Ճիշտ է որոշ դասերից բացակայեցինք, բայց անցկացրեցինք մի հրաշալի մասնագիտական էքսկուրսիա «Magic sand»-ում:
   Ուղեւորությունը իսկապես տպավորիչ էր: Սա մեր առաջին էքսկուրսիան էր հոգեբանության բնագավառում, եւ մեր իմացածը օգտագործելն ու հասկանալը իսկապես պետք էր յուրաքանչյուրիս համար:
    Արտ-թերապիայի մասին որոշ պատկերացումներ ունեինք, սակայն այս ամենը իրական աչքով տեսնելը, որոշ կուրսեր անցնելը եւ անկեղծ մասնագիտական զրույցը ավելի ամրապնդեցին մեր որոշումը դառնալ հոգեբան:
    Մեզանից յուրաքանչյուրը անցավ երեք թերապիա՝ մեծերի ավազաթերապիա, փոքրերի ավազաթերապիա եւ բամբակաթերապիա:
    Թերեւս ամենատպավորիչը բամբակաթերապիան էր: Այն հիմնականում ակտիվ երեխաների համար է:
Հանգստացնող բամբակով լցված սենյակ մտնելով՝  ասես թեւեր ես առնում եւ կարող ես սավառնել: Ազատությունն ու հանգստությունը միանգամից պատում են հոգիդ: Ապա մեր կողմից արդեն սիրված հոգեբանը՝ Մարիամը, միացրեց հանգստացնող երաժշտություն եւ խնդրեց մեզ հարմար պառկել եւ փակել աչքերը: Ապա խնդրեց մեզ հիշել մեր կյանքի ամենալավ պահը: Իսկապես զգացինք, թե ինչ հանգստություն իջավ մեզ վրա:
    Երեւի շատերին է հայտնի ավազով նկարելու արվեստը: Իսկ երբեւիցէ կմտածեի՞ք, որ դա նույնպես ունի հանգստացնող հատկություն: Ես չգիտեի այդ մասին: Մեծերի ավազաթերապիան հենց դա էր՝ նկարել ավազով եւ ամբողջ դրական եւ բացասական լիցքերը հաղորդել նկարին, վանել, ազատվել բացասական լիցքերից եւ դա փոխանցել նկարին:
    Մեր անցած թերապիաներից միակը փոքրերի ավազաթերապիան էր, որի մասին որոշ պատկերացումներ ունեինք: Սենյակի մեջտեղում ավազով լի աման կար, իսկ պահարանների մեջ տարբեր տեսակի
խաղալիքներ՝ կենդանիներ, հեքիաթի հերոսներ, մրգեր, խոհանոցային պարագաներ…. Մենք այդ խաղալիքների միջոցով ավազի վրա պետք է ստեղծեինք մեր աշխարհը (չպետք է մոռանալ, որ ավազը հանգստացնող հատկություն ունի):
    Ճիշտ է, «Magic sand»-ում կային բազմաթիվ այլ թերապիաներ, սակայն մեր ժամանակը չներեց դրանք նույնպես անցնել, բայց դիտեցինք եւ լուսանկարեցինք երեխաների որոշ աշխատանքներ:
    Հուսով եմ մենք՝ մեր ակումբով, կանցնենք մյուս թերապիաները եւ այսպիսի բովանդակալից էքսկուրսիաներ շատ կկազմակերպենք:

Комментариев нет:

Отправить комментарий