воскресенье, 2 февраля 2014 г.

Երաժշտաթերապիա

Ինչ է երաժշտաթերապիան և ինչ խնդիրերի համար է բուժում հանդիսանում
Երաժշտական հոգեթերապիան թերապիայի ուղղություններից մեկն է։ Սեանսների ժամանակ միացվում է կամ հանգիստ կամ արագ երաժշտություն (հաշվի առնելով, թե ինչ խնդիր կա մարդու մոտ) և մարդ կտրվում է այս աշխարհից ու կյանքի խնդիրներից, մնում է մենակ իր մտքերի հետ։ Այս թերապիան օգնում է ազատվել տարբեր հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման և իհարկե նյարդահոգեկան խնդիրներից։ Նաև օգտագործվում է  սոմատիկ և հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման համար։ Ապացուցված է, որ այն շատ դրական ազդեցություն է թողնում գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման, ինչպես նաև Այցգեյմերի ու Պարկինսոնի հիվանդության բուժման դեպքում:
Բայց այս դեպքում երաժշտությունը միայն օժանդակող միջոց է, այլ ոչ թե հիմնական: Ապացուցված է նաև, որ սիրելի երաժշտությունը նվազեցնում է խոլեստերինի քանակն արյան մեջ, ինչպես նաև կարգավորում է արյան ճնշումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի և արյան շրջանառության վրա  ամենից դրական ազդեցությունն է թողնում արագ ու դանդաղ ռիթմերով իրար հաջորդող երաժշտությունը: Պարզվել է, որ Ա. Վերդիի երաժշտական ստեղծագործությունները բավականին համահունչ են  մարդու սրտանոթային ռիթմի հետ: Այս թերապիան հաճախ կիրառում են նաև ագրեսիվ երեխաներին հանգիստ հոգեկան վիճակի բերելու համար։

Երաժշտաթերապիայի կիրառումը վաղեմի ժամանակներում
Երաժշտության բուժիչ հատկությունների մասին մարդիկ գիտեին վաղուցվանից։ Օրինակ Ավիցեննան երաժշտության միջոցով բուժում էր հոգեկան հիվանդներին, Հիպոկրատը` անքնությամբ և էպիլեպսիայով տառապողներին, Էսկուլապը` հուզական խանգարումներ ունեցողներին, իսկ Հալենը խորհուրդ էր տալիս այն օգտագործել որպես օձի կծածի դեմ հակաթույն: Հին Չինաստանում էլ բժիշկները կարծում էին, որ երաժշտությամբ կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, նրանք անգամ երաժշտական դեղատոմսեր էին դուրս գրում այս կամ այն հիվանդ օրգանի համար։

Խոսքեր երաժշտաթերապիայի մասին
Երաժշտության բուժիչ ուժի մասին գրել են Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը, Պիֆագորը և ուրիշներ: Երաժշտության բուժական ազդեցությունն առաջինը բացատրել է Պյութագորասը։ Հին հույն գիտնականը հայտնաբերել է, որ այն ենթարկվում է մաթեմատիկայի, իր տեսանկյունից, բարձրագույն օրենքին, վերականգնում է ներդաշնակությունն օրգանիզմում։ Պյութագորասը մեր շուրջը եղած աշխարհն առաջինն անվանեց «տիեզերական սիմֆոնիա»։ Պյութագորասն ու Արիստոտելն իրենց աշխատություններում գրել են. «Երաժշտությունը համամասնական կարգ ու ներդաշնակություն է հաստատում ամբողջ Տիեզերքում», այդ թվում և մարդկային մարմնի՝ հիվանդություններով խաթարված ներդաշնակությունը»։ Հինավուրց բժշկական տեքստերից մեկում՝ շումերական Կիպուր քաղաքի սեպագիր աղբյուրներից մեկում ասվում է. «Նվիրականին հպվելիս ձեռքերդ երաժշտության մեջ լվա»։ Իսկ Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչպես էր Դավիթը տավիղ նվագում՝ Սավուղ թագավորի դաժան ընկճախտը թեթևացնելու համար։
Երաժշտաթերապևտ Մարինա Մելիքսեթյանը պատմում է՝ «Մենք ունեինք աուտիկ երեխա, ով միայն ձեռքերով էր ստերիոտիպ շարժումներ անում ու չէր ընդգրկվում խմբի մեջ: Երկու տարվա ընթացքում, երբ մեկ անգամ ուղղակի ձայնս բարձր հնչեցնելով երգեցի ծիծեռնակի մասին մի երգ` ինքը միանգամից շրջվեց դեպի ինձ (աուտիկների մոտ հիմնականում աչքի կոնտակտ չկա, երբեք ուղիղ հայացքով քեզ չեն նայում), ուղիղ հայացքով նայեց աչքերիս մեջ ու սկսեց երգել, դրանից հետո երեխան ինքնուրույն ընդգրկվեց խմբի մեջ»:

Ինչպես անցկացնել երաժշտաթերապիա՞
Երաժշտական հոգեթերապիա կարող եք անցկացնել ինքներտ ձեր համար։ Ահա ընդհանուր ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է երաժշտության արդյունավետությունը հասցնել առավելագույնի։

1. Սթրեսը «մաքրել–հանելու» համար փորձեք 20-րոպեանոց «հնչյունային լոգանք» ընդունել։ Միացրեք որևէ թուլացնող, հանգստացնող երաժշտություն, ապա հարմարավետ դիրքով պառկեք բազմոցին կամ հատակին՝ երաժշտության աղբյուրին մոտ։ Ավելի խոր զգացողությունների համար կարող եք նաև ականջակալներով լսել, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնեք և խուսափեք շեղվելուց։

2. Ընտրեք դանդաղ ռիթմով երաժշտություն՝ սովորական սրտի աշխատանքից (որը րոպեում մոտավորապես 72 զարկն է) ավելի դանդաղ։ Փորձը ցույց է տալիս, որ կրկնվող կամ ցիկլիկ կառուցվածք ունեցող երաժշտությունն արդյունավետ է մարդկանց մեծ մասի համար։

3. Թույլ տվեք, որ հնչող երաժշտությունը հոսի ձեր վրայով, լվանալով հանի ձեր վրայից օրվա սթրեսը։ Կենտրոնացեք շնչառության վրա՝ աշխատելով այնպես անել, որ այն խորանա, դանդաղի ու կանոնավորվի։ Ուշադրությունը սևեռեք երաժշտության նոտաների մինչև ընկած դադարների վրա. դա զերծ է պահում երաժշտությունը վերլուծելուց և թուլացումն ու հանգստացումն ավելի լիակատար է դարձնում։

4. Եթե աշխատանքային օրվա վերջում խթանման կարիք ունեք, ապա ավելի լավ է՝ ավելի արագ երաժշտություն ընտրեք, քան դանդաղ, հանգիստ մեղեդիներ։

5. Երբ շարունակելը դժվարանում է, անցեք այնպիսի երաժշտության, որին ծանոթ եք, ինչպես, օրինակ, մանկության սիրելի մեղեդիները կամ հին ու բարի երգերն են։ Ծանոթության ու հարազատության զգացողությունը հաճախ հանգստություն է պարգևում։

6. Զբոսնեք՝ ականջակալներով ձեր սիրելի երաժշտությունը լսելով։ Ներշնչեք ու արտաշնչեք երաժշտությանը համահունչ։ Թող երաժշտությունը ձեզ իր մեջ առնի։ Սա հիանալի սթրես հանող միջոց է, քանի որ համատեղում է մարզանքը (քայլելը), պատկերները և երաժշտությունը։

7. Սթրեսի նվազեցմանն օգնում է նաև բնության ձայներ լսելը, օրինակ՝ օվկիանոսի ալիքների կամ խոր անտառի ձայները։ Փորձեք 12-20 րոպե զբոսնել, եթե մոտակայքում ծովափ կամ ծառապատ տարածք կա։
Իսկ եթե չկա, կարելի է լսել բնության ձայների ձայնագրություններ։
Հեղինակ՝ Կարինե Գևորգյան

Комментариев нет:

Отправить комментарий